(առակ)
Լեռների քարքարոտ ու սեղմված մի անկյունում ապրում էր ոչխարների մի հինավուրց հոտ։ Գայլը դարեր շարունակ անընդհատ հոշոտել էր նրանց, խլել նրանց արոտավայրերը, քշել դեպի քարքարոտ սարերն ու փորձել վերջնական բնաջնջել նրանց։
Որպեսզի Գայլը սպանդի չենթարկի մնացած հոտը, փարախի դռան մոտ տարիներ ի վեր կանգնած էր Արջը։ Նա հոտի տերը չէր և այնտեղ կանգնած էր նաև իր սեփական պատճառներով։ Ծանրաշարժ էր, կոպիտ և իր բնական շահերն ուներ։ Բայց նա ոչխարի միս չէր ուտում, և նրա ահեղ ներկայությունը զսպում էր Գայլին, որը չէր համարձակվում անցնել հաստատված սահմանը։
Վերջին շրջանում, սակայն, փարախի ներսում նոր առաջնորդներ հայտնվեցին։
Նրանք ամեն օր ճոխ տոնակատարություններ էին կազմակերպում, բարձր երաժշտություն հնչեցնում ու առատ խոտ լցնում, որպեսզի հոտը պարի, ուտի, խմի ու անհոգ զվարճանա։ Այն, ինչ հաճելի էր ականջին, սկսեց կոչվել ճշմարտություն, իսկ վտանգի մասին ամեն զգուշացում՝ վախի քարոզ։
Եվ ահա, այդ փառատոնային աղմուկի տակ, առաջնորդները սկսեցին համոզել հոտին.
- Տեսնո՞ւմ եք այս կոպիտ Արջին։ Նա մեզ ճնշում է։ Եկե՛ք դուրս հանենք նրան։ Մենք ինքնուրույն կապրենք, իսկ Գայլի հետ ինքներս «խաղաղության» լեզու կգտնենք։
- Այո՛, այո՛, - ցնծությամբ բղավում էին անհոգ գառնուկները՝ ծափ տալով երաժշտության տակ, - դուրս հանենք Արջին, մենք ազատ կապրենք։
Փարախի մի անկյունում կանգնած էր սպիներով ծածկված ծեր Խոյը։ Նա հիշում էր այն ժամանակները, որոնց մասին երիտասարդ գառնուկները միայն պատմություններ էին լսել։ Նրա մարմնի սպիները հին գայլերի ատամների հետքերն էին։ Նա մոտեցավ հոտին ու ասաց.
- Որդինե՛րս, աչքերդ բացեք։ Մի՞թե մոռացել եք, թե ով է Գայլը։ Նա դարեր ի վեր մեզ կոտորել է, քշել այս քարքարոտ սարերն ու փորձել վերջնականապես բնաջնջել մեզ։ Նրա նպատակը երբեք չի փոխվել։ Այս անվերջանալի շոուներն ու Գայլի խաղաղասիրության մասին սուտ խոստումները ձեր զգոնությունը թմրեցնելու համար են։ Ազատությունը դուռը բաց թողնելը չէ։ Խաղաղությունը գայլին գառ անվանելը չէ։ Իսկ անցյալը մոռանալով՝ վտանգը չի անհետանում։
- Դու հնացել ես, ծե՛ր, - ծիծաղեցին առաջնորդներն ու մոլորված հոտը, - մենք նոր ժամանակներում ենք ապրում, Գայլն այլևս առաջվանը չի։
Եվ այսպես, ծափերի ու փառատոնային աղմուկի տակ հոտը դուրս վանեց Արջին։ Արջը չէր խնդրել հոտին սիրել իրեն։ Բայց երբ հոտն ինքն իր ձեռքով բացեց ճանապարհը և ասաց՝ «գնա՛», Արջը շուռ եկավ ու իջավ լեռներից։
Շատ չանցած, երբ երաժշտությունը լռեց, դռան շեմին հայտնվեցին Գայլերը։ Նրանք չեկան խաղաղության պայմանները քննարկելու։ Նրանք եկան այնտեղ, որտեղ այլևս պատնեշ չկար։ Եվ հոտը միայն այդ ժամանակ հասկացավ, որ Գայլի ժպիտը նրա ժանիքները չէր վերացրել։
Նրանք ներս խուժեցին կուրացած հոտի՝ անպաշտպան թողած դռնով։
Հոտն այնժամ հասկացավ, որ Արջի ներկայության տարիներին սեփական ուժը մեծացնելու փոխարեն անհոգության էր մատնվել և աստիճանաբար կորցրել իր իսկ զգոնությունը։
Իսկ առաջնորդները փախան առաջինը։ Գայլերն այդպես էլ կհոշոտեին թմրած հոտը մինչև վերջին ոչխարը, եթե վերջին պահին փարախի մի քանի խոյեր չարթնանային կողք կողքի չկանգնեին ու իրենց եղջյուրներով պատնեշ չկազմեին Գայլերի դիմաց։
Փրկվեց հոտի մի մասը։
Երբ լուսացավ, երաժշտություն այլևս չկար։ Մսուրները շրջված էին, փարախը՝ դատարկված, իսկ երեկվա «նոր ժամանակների» մասին ճառերը՝ լռած։
Փրկված գառնուկները հավաքվեցին ծեր խոյի շուրջը։
- Ինչո՞ւ այս ամենը եղավ, - հարցրին նրանք։
Ծեր խոյը երկար նայեց ավերված փարախին ու պատասխանեց.
- Որովհետև մենք խաղաղություն ցանկացանք, բայց դադարեցինք զգոն լինել։ Արջի ներկայությունը չգնահատեցինք ու նրա հսկած տարիները չօգտագործեցինք՝ ինքներս ուժեղանալու համար։ Ազատություն ցանկացանք, բայց չսովորեցինք ինքներս պաշտպանել մեր դուռը։ Իսկ ամենավտանգավորը՝ Գայլի փոխվելու մասին այնքան երկար պատմեցինք իրար, մինչև ինքներս հավատացինք մեր հորինած պատմությանը։
Սամվել դպիր Գրիգորյան